Հայաստան աշխարհի անբաժանելի մաս հանդիսացող Արցախը նորից կդառնա հայկական, եթե մենք կարողանանք գիտակցել այն սխալները, բացթողումները, որոնք գումարվեցին ու պատճառ հանդիսացան նրա կորստյան, «Եվրոպական պահպանողական» պարբերականին ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ապաշխարհությամբ պետք է արժանի պիտի դառնանք «մեզ շնորհված այդ սրբազան հողում վերստին ապրելուն և արարելուն»։
«Եթե դա տեղի չունեցավ, ապա Արցախը վեր է ածվելու դժոխքի, ոչնչացվելու են հազարամյակների մեր սրբություններն ու զանազան արժեքները և այն աներկբայորեն արժանանալու է Նախիջևանի ու Արևմտյան Հայաստանի ճակատագրին»,- նշել է նա։
Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել է Արցախի հայկական մշակութային ժառանգության ավերման ու յուրացման հարցին։ Նա շեշտել է, որ ոչ միայն զեկույցներում խոսվում է, այլև համացանցում տեղադրված բազմաթիվ տեսանյութեր ակնհայտորեն վկայում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող վանդալիզմի քաղաքականության մասին:
Վրթանես Սրբազանը հիշեցրել է 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կրկնակի հրետակոծության ենթարկելը։
«Պատերազմից անմիջապես հետո նույն Շուշիի Կանաչ Ժամ կամ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պայթեցումն ու 2023 թ. Արցախն ամբողջությամբ զավթելուց հետո այդ եկեղեցու հիմնովին ավերումը ինքնին վկայություններ են, որ Արցախը այդ երկրին չի պատկանել երբեք, հետևաբար և այլևս զարմանալի չէ բնիկ հայկական տարածքում նրա իսկ կողմից որդեգրված հայի հետքի վերացման քաղաքականությունը»,- ասել է նա:
Նա «անսպասելի» է անվանել եվրոպական երկրների անտարբեր կեցվածքն Արցախում կատարվածի նկատմամբ։
«Մեր կարծիքով 2021 թ. մարտին Հադրութի Ծակուռի վանքի բակում Ադրբեջանի նախագահի բացահայտ հնչեցրած հրահանգը հայկական հուշարձաններից հայատառ բոլոր գրությունները վերացնելու վերաբերյալ, այն էլ միանգամայն կեղծ ու անհիմն մեկնաբանություններով, պետք է որ միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից արժանանար պատշաճ պատասխանի»,- շեշտել է նա:
Արցախի թեմի առաջնորդն այս պայմաններում պատահական չի համարում, որ հայկական մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման կամ ոչնչացման նպատակով արված Ադրբեջանի նախագահի հրահանգներն իրականացվում են միանգամայն անարգել:
Նա նաև հավելել է, որ այդ հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից ստեղծվել է Հատուկ կոմիտե, որի առջև էլ խնդիր է դրված՝ բոլոր միջոցները ձեռնարկել հայերի կողմից իբրև թե «ալբանական» տաճարների վրա գրված հայկական հետքերը վերացնելու ուղղությամբ:
«Վերջերս 5-13-րդ դարերում կառուցված, Սուրբ Դադի առաքյալին նվիրված հայկական նշանավոր հոգևոր կենտրոն Դադիվանքի, ինչպես նաև Ամարասի և մեր մյուս հոգևոր կենտրոնների հանձնումը ուդիական համայնքին ու նմանատիպ բազմաթիվ այլ ձեռնարկները հայկական հոգևոր-կրոնական ժառանգության բացահայտ նենգափոխման փաստեր են ու տգիտության պարզունակ արտահայտություն: Այն աստիճան, որ հանդգնում են անգամ Գանձասարը հայտարարել ոչ հայկական: Եվ այս ամենը իրականացվում է քաղաքական հստակ նպատակներով ու այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության ցուցումներով»,- ավելացրել է նա։
2024թ․ հունիսի 22-ին Monument watch-ն ահազանգել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
2024թ․ փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
2024թ․ մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։
2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Օգոստոսի 2-ին Monument watch-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ 2022 թվականին Ադրբեջանն ոչնչացրել էր Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին։