Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը Գրոնոյին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն է տվել «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ։
Գրոնոն իր հերթին կարևորել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների առաջմղումը:
Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ քայլերին, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Գրոնոն Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է Տոյվո Կլաարին, ով նշանակվել էր 2021-ի նոյեմբերին։ Կլաարն իր առաքելությունը տարածաշրջանում ավարտել էր 2024թ․ սեպտեմբերի 1-ին։