Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Մակինյանը հայտնել է, որ ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն է ներկայացրել այն Ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։
«Միջնորդությունը մինչ այժմ թողնվել է առանց քննության։ Ակնհայտ միակողմանի քննությունը և իրականացվող «քրեական հետապնդումը» այդքան զավեշտալի չէր լինի, եթե կալանքը կիրառելու միջնորդության մեջ որպես կիրառման հիմք չվկայակոչվեր նշված Ընկերության աշխատակցի վրա «ապօրինի ներգործելու հնարավորության կանխումը»,- գրել է Մինասյանի պաշտպանը։