Կենտրոնական ռազմական օկրուգում շարունակվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2020» հրամանատարաշտաբային զորավարժությանը ստորաբաժանումների պլանային նախապատրաստումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի Հանրապետության «Լոսվիդո» զորավարժարանում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և վարման հարցերը:
Հրամանատարաշտաբային վարժանքին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ վեց պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ստորաբաժանումները:
Նշենք, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժություններն ամենամյա են, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների զինված ուժերի ստորաբաժանումները։