Գիշերն իրավիճակը Սյունիքի մարզի Կապան քաղաքի շրջանում հանգիստ է եղել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով՝ սահմանները պաշտպանված են, իրավիճակը՝ վերահսկելի։
Քաղաքապետը հայտնեց, որ երեկ ադրբեջանցիներն իրենց խրամատներից բարձրախոսով պահանջել են, որպեսզի հայ սահմանապահները մինչև առավոտյան ժամը 08։00-ը հեռանան իրենց դիրքերից, որը, բնականաբար, հայկական կողմը ընկալել է որպես սադրանք, որին չի տրվել։
Գևորգ Փարսյանը հերքեց նաև լուրերը, թե երեկ Կապանի սահմաններին փոխհրաձգություն է եղել։
Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան որոշ ալիքներ, հղում անելով Սյունիքի իրենց աղբյուրներին, տեղեկություններ էին տարածել, թե իբրև Կապան համայնքի Ագարակ գյուղի սահմանային հատվածում թշնամու զորքերը առաջ են եկել և կրակել հայ սահմանապահների ուղղությամբ, ինչպես նաև հայկական ԶՈւ-ին 10 ժամ ժամանակ են տվել հետ քաշվելու համար։