ԱԱԾ-ն բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու նպատակով կազմակերպված հանցավոր խումբ:
Մասնավորապես հայտնի է դարձել, որ Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, իրացման նպատակով, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, որոնք Արցախի Հանրապետությունից փոխադրել և պահել է Երևան քաղաքում գտնվող իր բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:
Նշվում է, որ Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ և շրջանառությունն արգելված այլ իրեր:
«Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս.Բ.-ին հրազեններ իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված բազմատեսակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից հայտնաբերվել է մարտի դաշտից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված ռազմամթերք հանդիսացող մեծաքանակ փամփուշտներ, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար։ Միաժամանակ, ԱԱԾ-ից հորդորում են մարտերին մասնակցած կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ ՀՀ տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար: