Պաշտպանության նախարարությունը նախատեսում է սահմանել համավարակների ժամանակ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափը:
Ինչպես տեղեկացանք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, ՊՆ-ի կողմից հրապարկված նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ համավարակների և համաճարակների ժամանակ բուժկանխարգելիչ, տնտեսական, ինժեներատեխնիկական աշխատանքներին ներգրավված անձնակազմը խիստ ռիսկային պայմաններում իրականացնում է բուժկանխարգելիչ և տարաբնույթ ապահովման (սննդի կազմակերպում, հիվանդների սպիտակեղենի և արտահագուստի լվացում, հիվանդասենյակների սպասարկում, կենսաբանական ակտիվ թափոնների հեռացում և այլն) գործառույթներ՝ անմիջական շփման մեջ գտնվելով մեծ թվով վարակակիրների հետ:
«Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով այդ պայմաններում աշխատանքը դիտարկվում է որպես բարձր ռիսկային և վարձատրվում հանրային ծառայության մյուս ոլորտներից ավելի բարձր չափով:
Խիստ կարևորելով ՀՀ ԶՈՒ բուժծառայողների, ինչպես նաև բուժկանխարգելման աշխատանքներին աջակցող անձնակազմի սոցիալական ապահովության հիմնախնդիրները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վարձատրության քաղաքականությունը և դրա լուծմամբ բարձրացնել ռազմաբժշկական ծառայության գրավչությունը՝ այդ կերպ երաշխավորելով թափուր հաստիքների համալրումը և որակյալ կադրերի ներգրավումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նկատի ունենալով, որ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը ներգրավված է նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության համավարակի բուժկանխարգելիչ գործընթացում, ՊՆ-ն նպատակահարմար է համարվում ՀՀ ԶՈՒ բուժծառայողներին և բուժաշխատողներին վճարվող ամենամսյա հավելումների չափերը բարձրացնել՝ համապատասխանեցնելով ՀՀ առողջապահական համակարգի այլ բուժաշխատողների վարձատրության չափերին: