ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն այսօր անդրադարձել է Ադրբեջանի՝ վերջին օրերին իրականացրած սարդրանքներին։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Ադրբեջանի կողմից նաև Արցախի, Վերին Շորժայի ուղղությամբ իրականացրած սարդրանքներին՝ նա ասաց․ «Ընդհանուր առմամբ, մանրամասներ չեմ կարող ներկայացնել։ Ամեն ինչ հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությունը տրված է։ Ընդհանուր առմամբ, նման սադրանքներ եղել են և կարող են լինել։ Սահմանային իրավիճակն այս պահին ոչ այնքան լարված եմ գնահատում, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է որոշակի լարվածություն լինել»։
Դիտարկմանը՝ երբ ունենք թշնամու հետ կրկնապատկված սահման, նաև լարվածություն, ու հարցին՝ ռիսկային չէ՞ այս պայմաններում մեր կարևոր ստորաբաժանման զինվորներին ղազախներին օգնության ուղարկելը, փոխնախարարն ասաց․
«Քանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունն ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առումով։ Ես ծանոթ եմ քննադատություններին։ Եթե քննադատություններին հետևենք, շատ ցավալի վիճակում ենք, ինչն այդպես չէ։ Պետք չէ ամեն լավի մեջ վատը տեսնել։ Քննադատությունը պետք է լինի օբյեկտիվ, ինչից իշխանությունները միայն դասեր քաղեն և ավելի լավ աշխատանք կատարեն»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։ Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենա, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ վարվել։ Երրորդ միջադեպը վերաբերում է Շուշիի հարակից հատվածող անցնող ճանապարհին, որտեղ թշնամին քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։ Ավելի վաղ հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի հատվածում կրկին փոխհրաձգություն էր եղել։