Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ ավարտվել է ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով:
Նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնակատար Կամո Քոչունցը, Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության առաջին փոխնախարար Վիկտոր Գուլևիչը, Ղազախստանի ԶՈւ ԳՇ պետ Մարատ Հուսաինովը, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետ Էրլիս Տերտիկբաևը, Տաջիկստանի պաշտպանության առաջին փոխնախարար Էմոմալի Սոբիրզոդան, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:
Նիստի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և պայմանավորվել համակարգել համատեղ գործողությունները ռազմական անվտանգության սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ: Բացի այդ, կողմերը քննարկել են 2022 թվականին օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման հարցերը, նախանշել ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների կատարման կազմակերպման կատարելագործման ուղղությամբ հետագա աշխատանքների ուղղությունները: