Թուրքիայի իշխանությունները մտադիր են օգտվել Ուկրաինայի հակամարտությունից, որպեսզի վերադարձնեն արևմտյան սպառազինությունների հասանելիությունը, որը կորցրել են Անկարայի որոշ քայլերից հետո, որոնց թվում է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը և Սիրիայում ռազմական գործողություն սկսելը։ Այս մասին հայտնել է ամերիկյան Defense News շաբաթաթերթը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի իր աղբյուրին։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերն է և կմնա այդպիսին։ Մեր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը նոր ըմբռնում բացեց մեր առջև, թե ինչպես կարող ենք ամրապնդել մեր կապերը ՆԱՏՕ – ի գծով դաշնակիցների հետ սպառազինությունների գնումների մասով», – մեջբերում է պարբերականը։
Ինչպես նշում է Defense News-ը, Ուկրաինայի հակամարտությունը Թուրքիային դրեց ՆԱՏՕ-ի ներսում առանցքային միջնորդի կարգավիճակում, ինչը պետք է իր դիվիդենտները բերի ապագա բանակցությունների ընթացքում, որոնք, մասնավորապես, վերաբերում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերին: Սակայն, արձանագրում է պարեբերակնը, Անկարային այդ ճանապարհին պետք է հաղթահարել անցյալում կատարված մի շարք քայլերի հետևանքները։
Դա վերաբերում է ոչ միայն ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնմանը, այլև 2019 թվականին միակողմանի կարգով Սիրիայի հյուսիսում հարձակողական գործողություն սկսելուն, ինչի համար մի շարք եվրոպական երկրներ զենքի էմբարգո են սահմանել Անկարայի վրա: Փետրվարին հանրապետության փոխարտգործնախարար Ֆարուկ Կայմակչին հայտնել էր, որ Լոնդոնը հանել է Անկարային զենքի վաճառքի սահմանափակումները, նման որոշում կարող է ընդունել Կանադան: