Հայ զինվորականները 4 տարվա դադարից հետո կրկին մասնակցել են Վրաստանի Սաչխերի լեռնային պատրաստության դպրոցի դասընթացներին: Ինչպես հայտնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից, Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն խաղաղության համար» ծրագրի շրջանակներում լեռնային պատրաստության ամառային բազիսային դասընթացը տևել է երեք շաբաթ:
Մարզումներին մասնակցել են նաև վրացի, ամերիկացի, լեհ, լատվիացի, լիտվացի զինվորականներ։ Վարժանքի շրջանակներում մասնակից պետությունները ծանոթացել են Լեռնային սարքավորումների տեխնիկական տվյալներին և օգտագործման կարգին։
Դասընթացների արդյունքներով ունկնդիրները հանձնել են ընդհանուր մասնագիտական և ֆիզիկական թեստ:
Հայկական բանակի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ եղել են լեռնային պատրաստության Սաչխերի դպրոցի ձմեռային և ամառային դասընթացների ունկնդիրները, ուսումնասիրել լեռնային զանգվածներով տեղաշարժվելու եղանակները:
Նախորդ անգամ հայկական կողմը Սաչխերի դպրոցի դասընթացներին մասնակցել է 2018 թվականի հունվարին։ Այն ժամանակ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները բազիսային դասընթացի շրջանակներում Ադրբեջանից, Լիտվայից, Լեհաստանից զինվորականների հետ են պատրաստություն անցել։
Հայաստանի և Վրաստանի միջև բանակային ոլորտում երկկողմ փոխգործակցության մասին թարմացվող պայմանագիր է գործում։ Միջպետական փոխգործակցության գլխավոր ուղղությունը ռազմավարական պլանավորման ոլորտում փորձի փոխանակումն է, ռազմական կրթությունը, բժշկությունը և բանակային միլիցիան: