Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե որքանով է Հայաստանին հաջողվել հաղթահարել 2020 թվականի պատերազմի հետևանքները, իշխանությունների կողմից ծրագրվող ռազմական բարեփոխումները, սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման Երևանի ծրագրերը, հայկական արբանյակի արձակումը, ինչպես նաև Հնդկաստանից զենքի հնարավոր գնումները:
ՀՀ ԶՈՒ կողմից 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման մասին
Ներսիսյանի խոսքով՝ եթե խոսենք պատերազմի հետևանքների հաղթահարման ռազմական բաղադրիչի մասին, ապա բավական քիչ բան է փոխվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Նա նշել է, որ պատերազմից հետո հերթական զորակոչերն են եղել, և բանակի թվաքանակը, ընդհանուր առմամբ, վերականգնվել է: Բայց եթե խոսքը կրտսեր և միջին սպայական օղակների մասին է, ապա այստեղ բավականին լուրջ խնդիրներ կան, և նման հարցերը դժվար է արագ հաղթահարել, ասել է վերլուծաբանը: «Պետք է նոր թվով մարդկանց սովորեցնել, այն դեպքում, երբ երկրում բավական երկար տարիներ սպայական ծառայությունը հեղինակավոր չի եղել, այդ պատճառով էլ ռազմական ԲՈՒՀ-երի դիմումները բավական սահմանափակ են», – նշել է նա:
Ռազմական տեխնիկայի մատակարարումների մասով, ըստ փորձագետի պատերազմից հետո Ռուսաստանից ոչ մեծ քանակությամբ սպառազինություններ են մատակարարվել, սակայն դրանք անհամեմատելի են նրա հետ, թե որքան սպառազինություն է կորսվել: «Ունենալով Ուկրաինայում պատերազմի ներկայիս իրավիճակը, կարծում եմ, որ ռուսական շուկան առաջիկա երկու տարիների ընթացքում, ամենայն հավանականությամբ, գրեթե փակ կլինի Հայաստանի համար, կամ էլ միայն առանձին ուղղություններով կաշխատի», – ասել է Ներսիսյանը:
Ռազմական բարեփոխումների ծրագրերի մասին
«Բարեփոխումների ուղղությամբ էլ ամեն ինչ բավականին դանդաղ է ընթանում», – նշեց վերլուծաբանը։ Նա հիշեցրել է, որ քաղաքական հայտարարություններ են արվել դեպի պրոֆեսիոնալ բանակ շարժվելու մտադրության, սահմանապահ զորքերի վերաբերյալ պլանների մասին, որոնք պետք է տեղ-տեղ փոխարինեին սովորական զորքերին:
«Բայց սկզբունքորեն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ինչպես հասկանում եմ, դեռ չի արվել։ Ինչ վերաբերում է կառուցվածքային բարեփոխումներին՝ բանակային կորպուսներից և գնդերից անցում, որը բավականին հնացած է ժամանակակից պատերազմի շրջանակներում, դեպի բրիգադներ, գումարտակային մարտավարական խմբեր, ապա այդ ուղղությամբ, ցավոք, դեռ ոչինչ չի լսվում», – ասել է Ներսիսյանը։
Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ հայկական կողմին և ԶՈՒ զարգացման ի՞նչ ռազմավարական խնդիրներ կան
«Սպառազինությունն իհարկե կարևոր է, բայց պետք է զբաղվել կառուցվածքային բարեփոխումներով, պետք է հասկանալ նպատակներն ու խնդիրները, նոր մարտահրավերները և ընդհանրապես հասկանալ, թե ինչի համար են սկզբունքորեն Հայաստանին պետք զինված ուժեր: Քանի որ պատերազմի արդյունքները մեծապես փոխել են իրադրությունը, ապա պետք է հասկանալ և ձևակերպել խնդիրները և նպատակները, և այս գործում բարեփոխում իրականացնել և կազմել սպառազինությունների գնումների պետական ծրագիր», – ասել է փորձագետը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ կան տեխնիկայի տեսակներ, որոնք անհրաժեշտ է ձեռք բերել շտապ, իսկ հետո արդեն մտածել զինված ուժերի հետագա զարգացման մասին: «Պետք է գոնե կիսով չափ վերականգնել հրթիռային և հրետանային կորուստները, պետք են կապի միջոցներ, հետախուզության միջոցներ, ինչի հետ մենք լուրջ խնդիրներ ունեինք։ Քանի որ հիմա շատ բաներ ուղղակի աղետալի կերպով չեն բավականացնում», – նշել է նա։
Հնդկաստանից զենքի հնարավոր գնման մասին
Ներսիսյանը նշել է, որ պատերազմից առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պայմանագիր է կնքվել հակաօդային պաշտպանության ռադարների ձեռքբերման մասին: Ըստ փորձագետի՝ թեև այդ պայմանագիրը ստորագրվել է մինչև պատերազմը, սակայն համակարգերը չեն կարողացել Հայաստան հասցնել մինչև պատերազմը և դրանք բերվել են միայն ռազմական գործողությունների ավարտից հետո: Նա նշել է, որ այդ պատճառով հայկական կողմը չունի այդ համալիրների մարտական կիրառման փորձ։
Փորձագետը նշել է, որ այժմ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում և բանակցություններ է վարում Հնդկաստանից սպառազինություն գնելու վերաբերյալ: «Չեմ կարող ասել, որ սա աշխարհում ամենաօպտիմալ սպառազինությունն է։ Այն բավականին չստուգված է և նոր։ Մի կողմից դա ռիսկ է, մյուս կողմից՝ սակարկության հնարավորություն, քանի որ Հնդկաստանին նույնպես շահավետ է որոշ համակարգերի առաջին գնորդը՝ նպատակ ունենալով հետագայում առաջ մղել իր արտադրանքը»,-նկատել է նա։
Փորձագետի խոսքով՝ այսօր զենք գնելը բավականին բարդ է դարձել՝ Արևելյան Եվրոպայից, որտեղից Հայաստանն ավելի վաղ ռումբեր, տարբեր զինամթերք էր գնում, աշխատում է ուկրաինական հակամարտության վրա։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ռուսաստանի մասով։ Արևմուտքի, հատկապես այն երկրների հետ, որոնք ռազմական լուրջ համակարգեր են արտադրում, Հայաստանը չունի հարաբերությունների այն մակարդակը, որ կարողանա այնտեղից ծանր սպառազինություն գնել։
«Համապատասխանաբար մեծ երկրներից, որոնք կարող են արտադրել այն, ինչ մեզ հարկավոր է, մնում է Չինաստանը և Հնդկաստանը։ Երկուսն էլ այդ երկրի զարգացնում են ռազմարդյունաբերությունը։ Չինաստանն, իհարկե, ավելի առաջադեմ դիրքերում է, քան Հնդկաստանը, բայց այդ երկրների հետ կարելի և պետք է աշխատել, պարզապես այլ ընտրություն չկա», – ասել է նա։
Հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը
Փորձագետը նշել է, որ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունը հայտնվել է դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, դրա մասին խոսակցությունները եղել են դեռևս 2014 թվականին, երբ հայտնվել են «Կռունկ» անօդաչու սարքի առաջին մոդելները: «Բայց խնդիրն այն է, որ այդ հարցում արդյունավետություն չի եղել։ 2014 թվականից Հայաստանում գերակայություն կա այդ ուղղություններով։ Այսօր կան երկու հայկական ընկերություններ, որոնք լավ արտադրանք են թողարկում։ Մեկը լավ տակտիկական հետախուզական դրոններ է արտադրում, որոնք նաև ոչ այնքան մեծ չափերով են, մեր կոնֆլիկտում դա լավ չէ։ Այդ դրոններն ավելի լավ պատկեր են տալիս, քան ռուսական «Орлан-10»- երը, որից Հայաստանը նույնպես գնել է», – ասաց նա։
Ներսիսյանն ընդգծել է պետության ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործընթացում, որպեսզի այն ոչ միայն ֆինանսավորի համակարգերի մշակումը, այլև հետագայում նախատիպեր գնի: Նրա խոսքով՝ այս հարցում պետք է ավելի ակտիվ լինի ոչ թե Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այլ Պաշտպանության նախարարությունը, որը պետք է նախատիպեր գնի, զորային փորձարկումներ իրականացնի, հետո վերադառնա արտադրողներին և ասի, որ պետք է շտկել, պահանջների շարք մշակի։
«Ահա այս ամենը բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի լավ նախատիպի մակարդակից առաջ շարժվել մինչև սպառազինության մակարդակ, քանի որ ընկերությունն ինքը երբեք չի կարողանա ապրանքը հասցնել սերիական սպառազինության մակարդակին: Այստեղ մենք որոշակի խնդիրներ ունենք։ Բայց կարծում եմ, որ ավելի քիչ դրոնների մի քանի դասեր մենք կարող ենք արտադրել, եթե աշխատանքի արդյունավետությունը բարձրանա», – ասել է նա։
Ինչ վերաբերում է MALE դասի անօդաչու թռչող սարքերին (թռիչքի երկար տևողության և միջին բարձրության ԱԹՍ-եր), ինչպիսիք են թուրքական Բայրաքթարը, ամերիկյան Predator-ը, ռուսական «Орион»-ը, որոնք կարող են լինել հրթիռների կամ ռումբերի կրողներ և 24 ժամից ավելի գտնվել օդում, ապա, փորձագետի կարծիքով, Հայաստանում շատ դժվար կլինի մշակել դրանք: «Նույնիսկ եթե դա հնարավոր է, ապա մշակումը երկար տարիներ կտևի, բայց սպասել չի կարելի, պետք է նախ փակել առաջացած ճեղքվածքը, իսկ հետո արդեն իրականացնել ցանկացած արդյունաբերական ծրագիր», – ընդգծել է վերլուծաբանը:
Արբանյակի արձակումը և դրա դերը Հայաստանի պաշտպանության տեսանկյունից
Մեկնաբանելով արբանյակի հնարավոր պաշտպանական նշանակությունը, որի գործարկման մասին Հայաստանի իշխանությունները հայտարարել էին մայիսին, Ներսիսյանը նշել է, որ մեկ արբանյակը քիչ է: Փորձագետի խոսքով՝ արբանյակը գտնվում է ցածր ուղեծրում, այսինքն՝ մեկ օրվա ընթացքում կարող է մի քանի ժամով գտնվել այն գոտիների վրա, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին։ «Այնուամենայնիվ, արբանյակին հասանելիություն ունենալը վատ չէ. մեր ունեցած արբանյակի միջոցով կարելի է ավիաբազաների մոնիթորինգ իրականացնել Ադրբեջանում։ Իհարկե, դրա հնարավարությունները բավարար չեն զորքերի տեղաշարժի մոնիթորինգ անցկացնելու համար, նման արբանյակներն ավելի թանկ են», – ասել է վերլուծաբանը։
Ներսիսյանը նշեց, որ շատ կոմերցիոն մատչելի լուսանկարներ կարելի է անել։ «Այսօր, տանը նստած, կարելի է ամերիկյան, ֆրանսիական կամ չինական ընկերություններից Երկրի մակերևույթի ցանկացած կետի նկարներ պատվիրել, եթե նման անհրաժեշտություն կա, և դա պետական չափանիշներով փոքր գումար արժե», – ընդգծել է նա:
Փորձագետի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է ունենալ համեմատաբար անկախ արբանյակային հետախուզություն, ապա պետք է ձգտել ունենալ 4-5 տարբեր տիպի ապարատներ, որոնք կարող են վարել, այդ թվում՝ ռադիո-տեխնիկական հետախուզություն։ «Պարզապես մեր արբանյակը բավականին էժան է, կարելի է փորձել գործարկել երկրորդ ավելի լուրջ սարքը», – նշել է Ներսիսյանը՝ ընդգծելով արբանյակային հետախուզության հասանելիության կարևորությունը: «Սա լավ գործիք է, երբ այն քոնն է, և այն հասանելի է 24 ժամ, և վստահություն կա, որ ստացված տվյալներն այլևս ոչ մեկի մոտ չեն հայտնվի», – եզրափակեց վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ԶՈՒ անցում է կատարում դեպի պրոֆեսիոնալ բանակին, «որը մեկ օրվա անելիք չէ»։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ քայլեր արվում են, ամեն ինչ պետք է լինի օրգանական։ Նախատեսվում է ժամկետային զինծառայությունից անցում պայմանագրային ծառայության։ Գործող պայմանագրայինների համար ստեղծվելու է ատեստավորման հնարավորություն։
Նախարարը նաև հայտարարել էր, որ սահմանների կահավորման հսկայածավալ աշխատանքներ են տարվում։ «Մինչև տարեվերջ մենք այս առումով խնդիրներ չենք ունենա»,-նշել էր Պապիկյանը։