«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած իրենց «խիստ հավաստի աղբյուրները» փոխանցում են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան:
Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան:
«Ի վերջո, կարող էինք նրանց եւս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հանցագործություն»,- գրում է թերթը:
Armenia Today-ը, լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որը հերքեց օրաթերթի՝ ՊՆ-ին մոտ կանգնած «խիստ հավաստի աղբյուր» ունենալն ու խոստացավ ճշտումներ կատարել ադրբեջանցիների շրջափակցած խմբերի մասին: