Սույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ` ՀՀ ԱԺ պտգամավոր Արմեն Խաչատրյանի և հանձնաժողովի անդամ` ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքեր:
Ինչպես հայտնում են Հանձնաժողովից՝ այցի ընթացքում հրամանատարության հետ քննարկվել են սպառազինությանը, մարտական պատրաստվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ բազմաթիվ խնդիրներ:
Պատգամավորներն առաջնագծի հենակետերում ծանոթացել են ձմռան նախապատրաստական ամրաշինական աշխատանքներին ու առկա խնդիրներին և մարտական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ քննարկել են դիրքերում անձնակազմի ծառայությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։