Թուրք-ադրբեջանական «Եղբայրական բռունցք» զորավարժությունը Իրանի դեմ է ուղղված, քանի որ այն հենց Իրանի սահմանների մոտ է, ոչ թե Հայաստանի: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերապահումով կմոտանա այդ իրողությանը:
«Զորավարժությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի մոտ են՝ Ադրբեջանի հարավային շրջաններում, այդ թվում՝ նաև Արցախից օկուպացված Ջրականի շրջաններում: Ըստ զորավարժությունների սցենարի՝ այն իրենից ենթադրում է գետի անցում և հակառակորդի խորը թիկունքում ռազմական գործողությունների իրականացում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս զորավարժություններն ակնհայտորեն ուղղված են հենց Իրանի դեմ:
Ըստ փորձագետի՝ կարելի է նույնիսկ արձանագրել, որ սա պատասխանն է այն զորավարժություններին, որոնք վերջին ամիսներին անցկացրեց Իրանը՝ Ադրբեջանի հետ սահմանին:
«Միևնույն ժամանակ՝ սա կարծես թե դիվանագիտական պատասխան է Իրանին, որ եթե նա որևէ ռազմական գործողություն սկսի Ադրբեջանի դեմ, ապա Թուրքիան հանդես է գալու Ադրբեջանի հետ միասին՝ Իրանի դեմ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ զորավարժությունները կամ ռազմական գործողությունների հավանական սկսումը լի է վտանգներով, քանի որ տարածաշրջանը կարծես թե պլատֆորմ է դառնում: Այստեղ սկսվում է ոչ միայն Ադրբեջան-Իրան հակամարտություն, այլև Ադրբեջանի թիկունքում կանգնած Իրանի, մեղմ ասած, ոչ բարեկամական երկրների դեմ հակամարտություն, ինչը բավականին վտանգավոր է և անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: «Այնպես որ չենք կարող ասել, թե Ադրբեջան-Իրան հակամարտությունը բխում է մեր շահերից»,- ասաց փորձագետը:
Հարցին, թե ինչպես հասկանալ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան Հայաստանին «խաղաղության ձեռք» է մեկնել, այն դեպքում, երբ զորավարժություն է սկսել Հայաստանի թշնամական պետության հետ, ռազմական փորձագետը պատասխանեց.
«Անկարան մշտապես ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կվերանայի այն դեպքում, երբ Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այնպես որ՝ նախապայման կա և այսպես ասած ձեռք մեկնել կամ չմեկնելն իրենց ներքին սպառման համար է, այլ ոչ թե լուրջ, իրական գործերի համար»,- նկատեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի «Եղբայրական բռունցք» զորավարժությունների ժամանակ, որն անցկացվում է Հայաստանի սահմանների մոտ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Երևանին «խաղաղության ձեռք» են մեկնել:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ աղբյուրից, եղբայրական երկրների ճանապարհին որպես ընդհանուր մարտահրավեր կճանաչվի:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 5-ին հայտնել է Թուրքիայի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու մասին:
Արաքսյա Սնխչյան