Հնդկաստանի ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում մեկնարկել են TROPEX-23 ամենախոշոր զորավարժությունները, հայտնում է РИА Новости-ն՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը հղումով։
«TROPEX 23-ն անցկացվում է երեք ամսով՝ 2023 թվականի հունվարից մարտ։ Զորավարժությունների շրջանակներում Հնդկաստանի ռազմածովային նավատորմի բոլոր վերգետնյա ռազմանավերը, ներառյալ կործանիչները, ֆրեգատները, կորվետները, ինչպես նաև սուզանավերը և ինքնաթիռները, անցնում են ծովային համալիր օպերատիվ տեղակայումներ՝ փորձարկելու և կատարելագործելու ռազմածովային նավատորմի գործողությունների հայեցակարգը՝ ներառյալ օպերատիվ նյութատեխնիկական ապահովումը և փոխգործակցությունը այլ ծառայությունների հետ»,- ասվում է ՊՆ-ում:
Գերատեսչությունում նշել են, որ «տարիների ընթացքում զորավարժությունների մասշտաբն ու բարդությունն ավելացել է, որը լավ հնարավորություն է փորձարկել Հնդկաստանի ռազմածովային նավատորմի միացյալ նավատորմի մարտունակությունը՝ բազմաթիվ սպառնալիքների պայմաններում գործելու դեպքում»։
2022 թվականի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր են կնքել Երևանին 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու համար, հաղորդվել էր, որ պատվերն իր մեջ ներառում է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Հայաստան են առաքվելու նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Բացի այդ, Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև զենիթահրթիռային համալիրներ, գրում են լրատվամիջոցները։ Ըստ նրանց՝ Երևանն ու Դելին կարող են համատեղ արտադրական բազաներ ստեղծել նաև Հայաստանում։
Լրատվամիջոցները հայտնել էին, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Հնդկաստանն առաջարկել է արտակարգ ռեժիմով Հայաստան ուղարկել հրաձգային զենք, զինամթերք և այլ ռազմական պարագաներ՝ վճարումը հետաձգելու պայմանով։