Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին, հայտնում է ՄԻՊ կայքը։
Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև քննարկվել նրանց հուզող հարցերը։
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել. երկու զինծառայող է վիրավորվել։ Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։