Ժամը 22:30-ի դրությամբ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել. երկու զինծառայող է վիրավորվել։ Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մայիսի 12-ին հակառակորդի կրակոցի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր։
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։