Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հայկական կողմից վիրավորների թիվը հասել է 2-ի, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ժամը 23:10-ի դրությամբ Սոթքի, Քութայի և Վերին Շորժայի տարածքում հրդեհի ուժգնությունը շարունակում է նվազել։
ՊՆ-ն հայտարարել է նաև, որ տարբեր սոցիալական ցանցերում տարածվում են ադրբեջանական կողմի պատրաստած տեսանյութեր և լուսանկարներ, այդ թվում՝ կեղծ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ արված։ Գործակալությունը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ դրանք հրապարակելուց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել. երկու զինծառայող է վիրավորվել։ Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության նոր փուլը սկսվել է մայիսի 11-ին, երբ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը՝ հրետանուց և ականանետերից։