Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված բրիֆինգի ժամանակ ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Խոսքը մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին է։
Ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:
Նշվել է, որ ՀՀ ԶՈւ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը 4 վիրավոր ունի։
Մայիսի 12-ին հակառակորդի կրակոցի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր։
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։