Ադրբեջանական դատարանը մայիսի 26-ին առևանգված ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հարություն Հովհաննիսյանին և Կարեն Ղազարյանին կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Հայ զինվորականները մեղադրվում են, իբրև թե, «Ադրբեջանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձի» մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր, որ մարտական դիրքեր սննդամթերք տեղափոխող երկու զինծառայողների հետ կապը կորել է։ Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել են, որ «հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, ձերբակալվել է երկու հայ զինծառայող»։
Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր սահմանային գոտում մեքենայի հայտնաբերման մասին, որով երկու զինվորականներ պետք է սնունդ և ջուր հասցնեին մարտական դիրքեր: Մայիսի 27-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն ու գլխավոր դատախազությունը հայտարարել են հայ զինվորականների ձերբակալության և նրանց «որպես կասկածյալ ներգրավելու մասին»։