Հայաստանի իշխանությունները միավորել են ռազմական բուհերը՝ ռազմական ակադեմիա ստեղծելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը» միավորվել են։ Որոշումը «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ ստեղծելու մասին ընդունել են հունիսի 8-ի կառավարության նիստի ժամանակ։
«Նշված ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյութական բազա (ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ), ապահովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո»,- ասված է որոշման նախագծում։
Ռազմական ուսումնական հաստատությունների միավորումն իրականացվում է հայկական բանակում իրականացվող բարեփոխումների շրջանակում, որը, ըստ ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի, պրոֆեսիոնալ բանակի անցնելու նպատակով է իրականացվում։
Նախարարի խոսքով՝ ռազմական ակադեմիան կներառի 2 ինստիտուտ՝ Ռազմական ավիացիոն ինստիտուտը և համակցված սպառազինության ինստիտուտը։ Նա նաև հայտարարել է սպայական անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բարելավելու համար առանձին ֆակուլտետ ստեղծելու մտադրության մասին։