Բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի ավելացումը բարդ և պարզաբանումներ պահանջող հարց է, Armenia Today-ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առաջին հերթին դա բանակում հետպատերազմյան փոփոխությունների բացակայությունն է:
«Բանակը գտնվում է մի այնպիսի կարգավիճակում, որում գտնվել է 1995, 96, 97 թվականներին: Այսինքն՝ հետպատերազմական իրավիճակը բանակում դեռևս պահպանվում է: Դա առաջին մեծ ու գլխավոր պատճառն է»,- ասաց նա:
Երկրորդ պատճառը, ըստ փորձագետի, ժամկետային զինծառայողների, սպայական կազմի ու պայմանագրային զինծառայողների ոչ ճիշտ համագործակցությունն է:
«Որքան էլ որ մենք ասենք, որ բանակն է մեղավոր, քանի նախարար էլ փոխենք, քանի ԳՇ պետ էլ փոխենք, միևնույն է՝ այս խնդիրը կա 30 տարի շարունակ: Սրանից հետևություն, որ բանակն անհրաժեշտ է պարզապես ենթարկել կառուցվածքային փոփոխության»,- ասաց նա:
Ըստ փորձագետի՝ եթե մենք նայում ենք դինամիկան, թե միջանձնային հարաբերությունների պատճառով ովքեր են տուժել, ապա պարզ է դառնում, որ գրեթե 99 տոկոսով ժամկետային զինծառայողներն են: Դրա համար մենք պետք է կարողանանք այնպիսի կառուցվածքային փոփոխության ենթարկել բանակը, որպեսզի ժամկետային զինծառայողների դեպքում այդ խնդիրը չառաջանա, կարծում է նա:
«Դժվար է մեկ-երկու բառով ասել, թե ինչ փոփոխություններ են դրանք: Խնդիրը կապված չէ այսօրվա հրամկազմի հետ, այն շատ ավելի խորքային է: Որքան էլ ասենք՝ դպրոցից է, մանկապարտեզից, փողոցից, ընտանիքից, այնքան էլ այդպես չէ, քանի որ մեղքը պատասխանատուների վրայից վերցնում ու գցում ենք անուղղակի պատասխանատուների վրա»,- նշեց Հովհաննիսյանը:
Բանակի բարեփոխման ներկա գործընթացներում փորձագետը թեև նկատում է դրան միտված որոշակի գործողություններ, բայց իր համար դրանք միևնույն է, բավարար չեն, եթե բավարար լինեին, ապա միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքերի քանակը գոնե կկրճատվեր, այս դեպքում այնքան էլ այդպես չէ:
«Միշտ ասել եմ, որ թիվ մեկ կարևոր նախապայմանը ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումն է, որովհետև երկու տարին տվյալ դեպքում բավականին երկար է: Ընդհուպ մեկ տարի կարող ենք կրճատել, բայց սկզբնականում գոնե 6 ամիս պետք է կրճատել: Եվ դա կարող ենք անել ոչ թե զինվորի մարտունակության, այլ բանակում առկա ոչ այնքան անհրաժեշտ գործողությոնւնների հաշվին՝ սկսած շարային պատրաստությունից՝ վերջացրած տարածքի մաքրությունով և այլն»,- շեշտեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ պետք է հաշվի, որ ՀՀ բանակը այսօր միայն ՀՀ տարածքում է, և մենք մեզ կարող ենք դա թույլ տալ:
Մյուս կողմից, ըստ Հովհաննիսյանի, մենք միշտ խնդիր ենք ունեցել գրագետ սպայական կազմի: «Հիմա կարծես թե փորձ է կատարվում դա լուծել, բայց դրա համար հարկավոր է առնվազն 5 տարի, որպեսզի բանակ ներարկենք գրագետ սպայական կազմ: Այսինքն՝ խնդիրը հենց հիմա չենք կարող լուծել»,- շեշտեց փորձագետը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-27 ընկած ժամանակահատվածում ոչ մարտական պայմաններում մահացել է 5 զինծառայող: Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը:
Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Նույն օրը ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը մահացել է կրակոցից:
Արաքսյա Սնխչյան