«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, դիտարկել «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքը։
Դեսպանը նշել է, որ զորավարժության հիմքում Հայաստանի հետ անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանին օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը։