«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են այցելել ԱՄՆ 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Դեսպանատնից հայտնում են, որ նրանք Երևանում են։ Գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են «Զառ» ուսումնական կենտրոն, դիտարկել «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքը։
«Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ ԱՄՆ-ը հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզի այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,-ասել է գեներալ-մայոր Անդերսոնը։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանին օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը։