ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄՆ դեսպանի, ռազմական կցորդների, ինչպես նաև զինվորականների հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր» զորավարժությունների ընթացքը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, բարձրաստիճան զինվորականների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը»,-հայտնել են ՊՆ-ից։
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հայտնի էր դարձել, որ «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են այցելել ԱՄՆ 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանին օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը։