Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 9-ին բանակի տարբեր զորամասերում սպանված Կարեն Կարապետյանի և Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին, նշել է, որ պատճառներից մեկը սպայական կազմի կրթության մակարդակի ցածր լինելն է:
Նա հիշեցրել է, որ նախորդ տարիներին սպաները կրթություն չեն ստացել, որովհետև եղել են տարիներ, որ Վազգեն Սարգսյան ռազմական համալսարան դիմելու ցանկություն ունեցել են մատների վրա հաշված դիմորդներ:
«Ցավալի է, որ զինվորն սպանել է սպային, դա նշանակում է, որ կարևոր սկզբունք է խախտվել՝ եղբայրության և հրամանատարության: Մեզ թվում էր, թե հաղթահարել ենք այս բարքերը, բայց ոչ: Ասում էինք, որ բանակից հեռու պետք է լինեն այդ ինտերնետային, խաղային հեռախոսային բաները, որոնք ընտանիքներ են կործանում: Մեր բանակը ոչ միայն որակյալ սպայի կարիք է զգում, այլ նաև ծառայակցի»,- ասել է Քոչարյանը:
Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք մեղավորները պատասխանատվության կենթարկվե՞ն, բայց շեշտել է, որ բանակում պատասխանատվություն կրում է հրամանատարությունը. «Հիմա սպան նախատեսված է կանխելու նման դրսևորումները, զինվորը չի կարող սպայի նկատմամբ ուժ կիրառելու ցանկություն ունենալ: Եթե եղել է, ուրեմն պետք է այստեղ լուրջ խորն ուսումնասիրություն արվի, բայց այդ ուսումնասիրությունները մեզ տարել են դեպի կրթահամալիր, տարել են մեր ուսումնական բրիգադներ»,- ասել է պատգամավորը:
Հունվարի 9-ին ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՔԿ-ն հայտնել էր, որ Կարեն Կարապետյանին, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում է հասցրել մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, որին ձերբակալել են։
Նույն օրը՝ հունվարի 9-ին, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Միքայել Դանիելյանի մահվան պատճառը ՔԿ-ն չի հայտնել, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։
Մանրամասները՝ տեսանյութում: