Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնաբանել է Բաքվի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած սադրանքը, որի հետևանքով չորս հայ սահմանապահ էր զոհվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ էսկալացիայից և երկխոսության կոչ ենք անում նրանց»,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Մենք չենք ճանաչել Ադրբեջանի տարածքում գտնվող որևէ կառույց և կողմ ենք քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ բանաձևերին»,-պարզաբանել Է Լիբբին:
Խոսելով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ դեսպանը նշել է, որ անցած ամիսների ընթացքում որոշակի թյուրըմբռնում է առաջացել:
«Իմ օրակարգը դրական է, ես շարունակելու եմ աշխատել հանուն մեր ընդհանուր շահերի»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։