ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությունը։
«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- Armenia Today-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք է սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ի եթերում փետրվարի 22-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում ու հավելել, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) սառեցվել է։