Տավուշի մարզում բողոքի ակցիաներին միացել են զինվորականները, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Ըստ նախաձեռնության հրապարակած տեսանյութի՝ ցուցարարներին միացել է մոտ 20 պայմանագրային զինծառայող։ Ցուցարարները նրանց ծափերով են դիմավորել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։
Ապրիլի 26-ին Կիրանց գյուղի մոտ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։