Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները Երևանում առաջին պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ հաստատել են 2024-2025թթ. համագործակցության պլանը, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ։
«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:
Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը սպառազինության մատակարարման ոլորտում ՀՀ-ի հիմնական գործընկերներ էր անվանել Հնդկաստանին ու Ֆրանսիային։
2022 թվականի սեպտեմբերի 29-ին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին կնքել հայկական կողմին շուրջ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին, ըստ լրատվամիջոցների՝ պատվերը ներառում էր հնդկական արտադրության Pinaka MLRS-ի երբևէ առաջին արտահանման առաքումը։ 2022թ․ նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հաղորդվել էր, որ օգոստոսին Հնդկաստանը Հայաստանին է մատակարարել 155 մմ տրամաչափի առաջին վեց հրետանային ATAGS համակարգերը։
2023 թվականի հունվարին՝ ըստ հնդկական լրատվամիջոցների, Երևանը կարող է գնել հնդկական արտադրության ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Հայաստանը և Հնդկաստանը քննարկել էին Հայաստանի կողմից MRSAM և Akash համալիրների ձեռքբերման հարցը։ 2023 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից, բացի «Աքաշ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգից, կգնի Bharat Dynamics ընկերության արտադրած 15 AAD համակարգ։