Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել հուլիսի 19-ին «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարից, ինչի հետևանքով զոհվել էին ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանը և կուրսանտ Արմեն Խաչատրյանը։
Հրահանգիչ-օդաչու Իսախանյանը հուլիսի 19-ին 4 անգամ է թռիչք իրականացրել այդ ինքնաթիռով, երկուսը՝ կուրսանտ Խաչատրյանի հետ․ վթարը տեղի է ունեցել կուրսանտի հետ երկրորդ թռիչքի ժամանակ։
«Նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Պարզվել է, որ հուլիսի 19-ին նույն ինքնաթիռով տեղի է ունեցել 4 ուսումնավարժական թռիչք։ Բոլոր նշված թռիչքներն իրականացվել են հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Իսախանյանի մասնակցությամբ։ Վթարը տեղի է ունեցել կուրսանտ Խաչատրյանի հետ երկրորդ թռիչքի ընթացքում»,- մանրամասնել են ՔԿ-ում։
Քննչական խմբի քննիչների կողմից ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր, հավելել են ՔԿ-ից։
Հուլիսի 19-ին Կոտայքի մարզում ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ուսումնավարժական ինքնաթիռ էր կործանվել։ ՊՆ խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ զոհվել են ինքնաթիռի օդաչուները։ ՆԳՆ-ից ավելի ուշ հայտնել էին, որ ճշտված տվյալներով՝ ինքնաթիռը «ՅԱԿ-52» է։ ՔԿ-ն վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։
Քրվարույթը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 ժամկետով)։