Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Թեհրանի և Երևանի միջև 500 մլն դոլարի ռազմական պայմանագիր կնքելու մասին լուրը, որը հուլիսի 24-ին հորինված էր որակել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Դեսպանը հերքում է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը։ Սոբհանին նման լուրերի տարածման աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք նախկինում էլ են կեղծ տեղեկություններ տարածել»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։
Դեսպանությունը հայտարարել է նաև, որ Իրանն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։ Այդ համատեքստում Սոբհանին շեշտել է, որ նման լուրերի տարածումը չարամիտ նպատակներ է հետապնդում։
«Սոբհանիի գնահատմամբ՝ նման լուրերի հրապարակման նպատակն Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է»,- հավելել են դեսպանատնից՝ մեջբերելով դեսպանի խոսքը։
Հուլիսի 25-ին Iran International-ը գրել էր, որ Իրանը և Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակարարման խոշոր «գաղտնի գործարք» են կնքել։ Armenia Today-ին ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր, որ լուրը մտացածին և հորինված է։