Հունվարի 9-ին զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթն է եղել վրեժխնդրությունը, հայտնել են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն պարզել է Կարապետյանի սպանության հանգամանքները։
«Հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կարապետյանը դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին: Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարապետյանին։ Հետո նախ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Հունվարի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նույնը օրը ՔԿ-ն հայտնել էր Ն.Խ.-ի ձերբակալության, իսկ հունվարի 12-ին՝ կալանքի մասին։ Ն.Խ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով)։