Հայաստանի պաշտպանության նախարարությունն Armenia Today-ին մեկնաբանել է որոշումը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ ՊՆ-ում ընդգծել են, որ որոշումը ՀՀ ԶՈւ բարեփոխումների շրջանակում է։
«Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ ՊՆ-ն ԱՄՆ-ից և այլ միջազգային գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ»,- նշել են ՊՆ-ից։
Այլ հարցադրումներին ՊՆ-ից չեն պատասխանել՝ ընդգծելով, որ դրանց վերաբերյալ ամերիկյան կողմը հանդես է եկել պարզաբանումներով։
Հուլիսի 22-ին ԱՄՆ դեսպանատնից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչը քաղաքացիական խորհրդատուի կարգավիճակ է ունենալու։ Նշել էին, որ քաղաքացիական խորհրդատուի ֆինանսավորումն ապահովելու է Պետքարտուղարությունը։ Դեսպանատնից քաղաքացիական խորհրդատուի՝ աշխատանքի անցնելու ժամկետներ չէին նշել, միևնույն ժամանակ տեղեկացրել էին, որ նրա ընտրությունը կատարված է և այս տարի ավելի ուշ աշխատանքի կանցնի։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին «Հետք»-ին հաստատել էր տեղեկությունը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։