ՀՀ ՊՆ-ն հերքել է սահմանագոտու հարավարևմտյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել էր ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հունիսի 22-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին առաջարկել էր սկսել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի իրականացման գործընթացը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը:
Նա նշել էր, որ Բաքուն չի պատասխանել սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների համատեղ հետաքննության Երևանի առաջարկին: Հուլիսի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը երկրորդ անգամ էր Ադրբեջանին առաջարկել նման մեխանիզմ ստեղծել։