ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի՝ հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Օգոստոսի 16-ին և 18-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի նույնաբովանդակ հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ հայկական կողմը կրակ չի բացել։ Օգոստոսի 15-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։