Հայաստանը ձգտում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը և այդ հարցով դիմել է Հնդկաստանին, գրում է հնդկական The Print հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռների սպառազինության ձեռքբերման և արդիականացման համար բանակցությունները շարունակվում են և սկզբնական փուլում են։
«Հայաստանի կողմից շահագործվող «Սու 30»-ները տարբերվում են մեր շահագործածից։ Այսպիսով՝ պետք է տեսնել, թե ինչ կարելի է անել: Բանակցությունները նախնական փուլում են։ Նրանք (հայերը) ցանկանում են արդիականացնել իրենց «Սու 30»-ները և ինտեգրել մեր զենքերը»,- The Print-ին ասել է աղբյուրը:
Հայաստանի կողմից նախընընտրելի զինատեսակները ներառում են նաև «օդ-երկիր» կառավարվող զինամթերք:
Աղբյուրները պարզաբանել են, որ հրթիռների արտահանման հարցում կան բազմաթիվ արձանագրություններ, և նախ պետք է լուծել այդ խնդիրները:
Հրատարակությունը նաև նշում է, որ Հայաստանը 2019 թվականին Ռուսաստանից գնել էր չորս «Սու 30» կործանիչ, սակայն դրանք չեն մասնակցել 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմին, քանի որ չունեին կրակային հզորություն, այդ թվում՝ ուղղորդվող «օդ-երկիր» զինամթերք:
Հայաստանը, ըստ աղբյուրի, ցանկանում է նաև լուծել «Սու 30»-ների պահպանման, ինչպես նաև օդաչուների պատրաստման հարցը։
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը զենքի մատակարարման ոլորտում։ The Economic Times-ն ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից՝ Bharat Dynamics արտադրող ընկերությունից: