Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զորախումբը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է, Armenia Today-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- նշեց նա։
Սեպտեմբերի 30-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային հարձակումներ է իրականացրել հարավային Լիբանանի սահմանային շրջանի վրա: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իսրայելի պաշտպանության բանակը սահմանի երկայնքով մոտ հինգ բրիգադ էր տեղակայել, սակայն նրանցից ոչ բոլորի մուտքն էր լիբանանյան տարածք սպասվում։ Լիբանանյան բանակը հետ էր քաշվել հարավային սահմանի որոշ դիրքերից։
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական գործողությունների մեկնարկից հետո «Հեզբոլլահ»-ն սկսել էր հրթիռակոծել հյուսիսային Իսրայելը։ Շուրջ մեկ տարի կողմերը փոխանակվել էին սահմանամերձ հարձակումներով։ Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Լիբանանում սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 53 մարդ։ Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: