Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում և ֆիքսում միայն ռազմական բյուջեն և, լավագույն դեպքում, օդային ճանապարհով եկող ռազմատրանսպորտային փոխադրումների թիվն ու ինտենսիվությունը»,- գրել է նա։
Աբրահամյանն ընդգծել է, որ ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հակառակորդին հնարավորություն է տալիս «ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածել» ՀՀ-ի մեծ գումարներով գնված ողջ տեխնիկան ու սպառազինությունը։
Միաժամանակ՝ անկանխատեսելիության գործոնը՝ սկսած հարվածի պահից և կիրառվող միջոցների ուղղությունից, կարող է ոչ միայն սկզբնական շրջանում մեծ առավելություն տալ, այլև որոշել ողջ պատերազմի ելքը, նկատել է պատգամավորը։
«Ադրբեջանը նաև այս տեսանկյունից է փորձում մեկնարկում խոշոր առավելության հասնել, հետո շարժվել ըստ իր առաջնահերթությունների»,- եզրափակել է Աբրահամյանը։
2023թ․ հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024թ․ պետբյուջեի պաշտպանական ծախսերը 2018թ․ համեմատ կավելանան 125 տոկոսով։ Ապրիլին Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) գնահատել էր Հայաստանի ռազմական ծախսերի աճը և հայտարարել, որ Հայաստանը ՀՆԱ-ում ռազմական ծախսերի ամենամեծ մասնաբաժին ունեցող տասը երկրներից մեկն է։ Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2020-24թթ․ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում 96%-ից նվազել է մինչև 10%-ի։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին զեկուցել էր, որ Հայաստանի զինված ուժերն ունեն սեփական արտադրության հինգերորդ սերնդի զինատեսակներ։
Սեպտեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ պլանավորում է 2025թ․ պաշտպանության և ազգային անվտանգության վրա ծախսել մոտ 3,9 միլիարդ դոլար։ 2023թ․ Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կազմել էին ավելի քան 3,5 միլիարդ դոլար։