2020-24 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում 96%-ից նվազել է մինչև 10%, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2020թ. Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության 96%-ը ՌԴ-ի հետ էր: «2021թ. հունվարից մինչև այսօր ՀՀ-ն մի քանի մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել տարբեր երկրների հետ, որոնց մեջ ՌԴ-ի ծավալը 10%-ից ցածր է»,- նշել է նա՝ ավելացնելով, որ «դա օբյեկտիվ պատճառներով է տեղի ունեցել և եղել է Ռուսաստանի ընտրությունը»:
Նա նաև հայտարարել է, որ 2021 թվականից հայկական կողմը փորձում է զենք գնել Ռուսաստանից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ պատրաստել է Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների համալիր ծրագիր, որը նախատեսվում էր համատեղ իրականացնել։ Բայց դրա փոխարեն մայիսին և նոյեմբերին հարձակումներ եղան Հայաստանի վրա, իսկ Ռուսաստանը չմատակարարեց անհրաժեշտ և գնված սպառազինությունը:
Ըստ Գրիգորյանի՝ դրանից հետո Հայաստանն սկսել է նոր գործընկերներ փնտրել ռազմական ոլորտում։ Նա նշել է, որ Հնդկաստանը դրանցից մեկն է, իսկ վերջերս միացել են Ֆրանսիան ու ԵՄ այլ երկրներ։ Մեկնաբանելով հայտարարությունները, թե մատակարարումներ չեն կատարվել ուկրաինական հակամարտության պատճառով, Գրիգորյանը նշել է, որ պայմանագրերը կնքվել են 2021 թվականի սկզբին. «Ավելի քան մեկ տարի դա չի մատակարարվել ու դրանից հետո էլ»:
«ՌԴ-ն մեզ դրել է փաստի առաջ, ստիպված ենք եղել դիվերսիֆիկացնել [զենքի մատակարարման աղբյուրները]»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ըստ Գրիգորյանի՝ հանդիպումների ընթացքում ռուսական կողմը Հայաստանին զենք մատակարարելուց հրաժարվելը հիմնավորել է նրանով, որ սպառազինության մատակարարման դեպքում «Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է նաև, որ երկրի իշխանությունները տնտեսական դիվերսիֆիկացիա են իրականացնում։ Նրա խոսքով՝ 2023 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի առաջատար ներդրողը դարձել է Արաբական միացյալ էմիությունները, երկրորդը՝ Լյուքսեմբուրգն է, իսկ Ռուսաստանն արդեն երրորդ տեղում է։ Պատասխանելով դեպի Ռուսաստան հայկական արտահանման ծավալների աճի մասին հարցին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ իշխանություններն աշխատում են նոր շուկաների փնտրտուքի, ինչպես նաև ԵՄ-ի հետ՝ հայկական ապրանքները եվրոպական շուկաներում մրցունակ դարձնելու և դրանք եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ «աշխատանքներ են տարվում» էներգետիկայի ոլորտում դիվերսիֆիկացման ուղղությամբ, բայց մեծ ծավալի արդյունքներ չկան։
«Մենք որևէ բան չենք անում, որպեսզի ՌԴ-ն թշմանամա ՀՀ-ի դեմ, մենք ընդամենը մեզ համար այլընտրանքներ ենք փնտրում: Հայաստանը փորձում է իր անվտանգությունն ապահովել»,- հավելել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵՄ դիտորդների դեպի Ներքին Հանդ՝ ՀՀ-Ադրբեջան սահման մուտք չունենալու մասին հարցին: Նա վերահաստատել է, որ այդ խնդիրը կա և իշխանությունները հասցեագրելու են այն:
Նա հավելել է, որ նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդների ավելացում: «Հայաստան-Ադրբեջան սահմանը շատ երկար է, քաղաքացիական առաքելությունը չի կարող մինչ այժմ ունեցած ռեսուրսներով պատշաճ աշխատանք իրականացնել: Գտնում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն արդյունավետ աշխատանք է կատարում և ավելի մեծ կարողություններ պետք է ունենա այն շարունակելու համար»,- շեշտել է նա:
Փետրվարի 21-ին Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել էր իր երկրի հանձնառությունը՝ զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում: Հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու գործընթացում հարցեր կան: