ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Երոյանը հանդիպել է Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի հետ։
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-6-ն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ական կողմին է ներկայացվել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը: Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ:
Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել էր ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը, զարգացման հնարավորությունները։