Լիարժեք պատվաստված քաղաքացիների թիվը հատել է 400 000-ի շեմը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ կորոնավիրուսային թվերի նվազմանը հիմնականում պատվաստումների թվի ավելացումն է նպաստել։
Սա, ըստ Փաշինյանի, չպետք է թուլացնի մեր զգոնությունը։ Նրա համոզմամբ՝ ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու որոշում պետք է կայացնել։
Ինչպես իր հերթին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ երեկվա դրությամբ գրանցվել է ընդամենը 592 դեպք՝ 7666 թեստավորումից, 40 քաղաքացի մահացել է։ Ինչպես ասաց նախարարը՝ մահվան դեպքերը սովորաբար միանգամից չեն նվազում, այլ ալիքի նվազումից 2-3 շաբաթ անց։ Նախարարի ներկայացմամբ՝ 1 168 501 պատվաստում է իրականացվել և որևէ հիշատակման արժանի բարդության դեպք չի գրանցվել։
«Առաջին պատվաստում ստացել է 761 820 քաղաքացի, դա կազմում է քաղաքացիների 38,1 տոկոսը, երկրորդ դեղաչափ ստացել է 406 681 քաղաքացի՝ մեծահասակների 20 տոկոսը»,- ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ երկու օրում մշակվելու են հստակ կարգերը, թե ինչպես են վերապատվաստելու առնվազն 6 ամիս առաջ պատվաստված քաղաքացիներին։ Նա նաև նշեց, որ վարակված ակտիվ քաղաքացիների միայն 3,6 տոկոսն է պատվաստված եղել։
Պատասխանելով վարչապետի հարցին, թե ի՞նչ արդյունք կա վերարտադրողականության վրա պատվաստման ազդեցության մասին, Ավանեսյանը նշեց, որ դա մանիպուլյատիվ բամբասանք է, ինչը ապացուցված է ԱՀԿ հետազոտությունների միջոցով։