Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը օր առաջ պետք է գա ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով: Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` շուրջ երկու ժամ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի` հանձնաժողովի հետ տեսակապով ունեցած հանդիպումից հետո:
«Ես մի բան կարող եմ ասել էսօրվա հանդիպումից հետո` Յուրի Խաչատուրովը ունի երկու օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և մեր հարցերին պատասխանելու համար»,-հայտարարել է Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով` նախկին նախարարին լսելուց հետո հանձնաժողովի անդամները կոնկրետ հարցեր ունեն Յուրի Խաչատուրովին` բանակցային գործընթացի վերաբերյալ: «Պատահական չէ, որ ԱԳ նախկին նախարարին լսելուց հետո ես հայտարարում եմ, որ Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի` հանձնաժողով գալու»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ պատրաստ են ցանկացած ձևաչափով կազմակերպել հանդիպումը։ «Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց իրեն լսելու»,-ասել է նա:
Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ չի եղել որևէ նախկին կամ գործող պաշտոնյա, որը հրաժարվել է գալ հանձնաժողով, միակ հրաժարվողը եղել է Յուրի Խաչատուրովը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե գոհ էին արդյոք Էդվարդ Նալբանդյանի պատասխաններից, Քոչարյանն նշել է. «Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար հարցերն են կարևոր, իսկ պատասխանները համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է հունիսի 4-ին: