Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչեւ 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ անելիս կամ հեծանիվ վարելիս: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նշել է, որ Նման ունիվերսալ եւ առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաեւ վերահսկողության հարցի հեշտացման համար է իրականացված: Որոշ դեպքեր թողնված են տրամաբանական եւ բանական մոտեցմանը:
«Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակ կրելը, մանավանդ այս եղանակային պայմաններում, բայց այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ կա, որը մնացել է եւ այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետները: Դիմակի կրումը էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը: Նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումը էապես նվազեցնում է վարակի տարածման ինտենսիվությունը»,-ասել է Ավինյանը:
Նա նշել է, որ պարետատնը քննարկվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները. «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես նաեւ տեղաշարժի սահմանափակումներին վերադարձը, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաեւ հնարավոր պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետը:
Հնարավորինս փորձում ենք ներկա իրավիճակում, երբ առողջապահական համակարգը ծանր վիճակում է, նորից չմտցնել պարետային ժամ, կփորձենք բարձրացնել հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, նշել է Ավինյանը։