Մենք 1 մլն բնակչի հաշվով ունեցած դեպքերի թվով աշխարհում առաջատար դիրքերում ենք, սակայն մահերի արձանագրման տեսանկյունից ունենք լավ ցուցանիշներ։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք մահերի արձանագրման նման ցուցանիշներ և ես հպարտ եմ, որ մենք ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի, կառավարության պարետատան ջանքերի շնորհիվ է։ Արվել է հնարավոր լավագույնը և մենք աշխարհի քարտեզում լավագույն դիրքերում ենք, և հիմա պետք է աշխատենք դեպքերի բացարձակ թվերի նվազման վրա»,-նշել է Թորոսյանը։
Նախարարը նշել է, որ արձանագրվող դեպքերի թվերը չիջնելը առողջապահական համակագով չի պայմանավորված. «Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ գործողությունների համար, բայց որքան էլ ունենանք մեծ թվեր, դրանք պայմանավորված են ոչ թե առողջապահության համակարգով, այլ մարդկանց տեղաշարժի և այլնի հետ։ Բուժօգնության ցուցաբերման տեսանկյունից մենք լավագույն տեղում ենք աշխարհում»։
Թորոսյանը խորհուրդ է տվել նաև սահմանափակել բոլոր ուղղությամբ ճամփորդությունները՝ և՛ ընդունելու, և՛ երկրից գնալու համար, և զբաղվել առողջապահական և սոցիալական խնդիրների լուծմամբ։
«Եթե օրական 700 դեպք արձանագրվի, ապա առողջապահական համակարգը կդիմանա, բայց դա երբեք չպետք է ալտերնատիվ լինի թվերն իջեցնելուն, քանի որ յուրաքանչյուր 700 դեպքի հաշվարկով մենք ունենալու ենք 15, 16 մահ կամ մի քիչ քիչ, այսինքն՝ անխուսափելիորեն այդ արձանագրված դեպքերի դեպքում ամենաքիչը մոտ 14 քաղաքացի մահանալու է։ Մեր խնդիրը մահացությունն է, ոչ թե անհրաժեշտ սպասարկման իրականացումը»,-նշել է նախարարը։