Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հումանիտար հրադադար հայտարարելուց հետո Ադրբեջանի զինված ուժերը վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել։ Գրոհայիններին նաև ստիպել են կրել ադրբեջանական ԶՈՒ-երի համազգեստ, դրանով իսկ փորձելով հերքել, որ իրենց շարքերում վարձկաններ կան։
Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:
Բացի այս, հոկտեմբերի 10-ին վարձկանների մասնակցության դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացվել Հադրութի շրջանում։ Հրկիզել են բնակելի տներ, ինչպես նաև սպանել են ՊԲ զինծառայողների, ոտնձգել խաղաղ բնակչության դեմ՝ տանը սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն:
«Բոլոր այս փաստական հանգամանքների հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով՝ միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով, ինչպես նաև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, միջազգային մարդասիրական նորմերի խախտումներ թույլ տալու, ինչպես նաև վարձկանների ներգրավման փաստով»,- նշեց նա։