Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը և հայտարարությունը ստորագրած երեք կողմերին հորդորում են միջոցներ ձեռնարկել իրավիճակն արագ շտկելու ուղղությամբ և տեղյակ են պահում, որ նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են լինելու կիրառել ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բոլոր հնարավոր միջոցները: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԺ-ն։
ԱՀ ԱԺ-ն հայտարարության կողմերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն են հրավիրում այն փաստի վրա, որ գրանցված և շարունակվող լարվածության պայմաններում խիստ պահանջված են դիտարկվում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, որի գլխավոր կետը պետք է համարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես այս տարածքում ապրող մարդկանց ապրելու անօտարելի իրավունքի ապահովման գերակա պայման:
Խմբակցությունները դատապարտում են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություների արդյունավետությունը կասկածի տակ դնելուն և կոչ են անում առաքելության ղեկավարությանը հասցեական գնահատական տալ գրանցված միջադեպին և ամբողջությամբ ապահովել հրապարակված հայտարարության առաջին կետից բխող բոլոր պայմանները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, գրավել է Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։