Ինչպես պայմանավորվել էինք հունվարի 29-ին Սյունիք կատարած իմ այցի ընթացքում, երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը գործուղվել էր Սյունիքի մարզ։ Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։
Նրա խոսքերով՝ Շուռնուխում և Որոտանում բնակարանները կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ։
Կառավարությունը «ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծ էր ընդունել։
Ներկայացվող նախագծի նպատակը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրումն է։