Առաջնորդվելով Սահմանադրության ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Այս մասին գրում է Կառավարության պաշտոնական էջը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցրել է Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պաշտոնից հեռացվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո:
Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։